Թուրքիան «արդարադատությո՞ւնը» զոհաբերեց . hhpress

Turqia

  Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ճակատագրական՝ 2023 թ. նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի է մնացել, մինչդեռ սոցհարցումների արդյունքները, երկրի տնտեսական ծանր վիճակը, ըստ որոշ տվյալների՝ 57 տոկոս աղքատությունն ու ազգային արժույթի աննախադեպ արժեզրկումը վկայում են, որ եթե «միջոցներ» չձեռնարկվեն, ապա ազատ ու թափանցիկ ընտրությունների դեպքում պարտությունն ապահովված է: Նա, ով ցանկանում է ամեն գնով մնալ սուլթանի դերում, կարելի է ասել, գործի է անցել՝ ներքին քաղաքականության ոլորտում արդեն քայլեր է կատարում. նախ, հօգուտ իր գլխավորած կուսակցության՝ ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչն օրերս հաստատվեց երկրի խորհրդարանում: Բացի այդ, ներկայումս ջանքեր է գործադրում լուծարելու քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը, որն ընտրություններին առնվազն ձայների կայուն 11 տոկոս ունի: Էրդողանը ձգտում է ներքին խնդիրները, հատկապես՝ տնտեսականը, լուծել արտաքին քաղաքականությամբ։ Այդ նպատակով դեռեւս 2019 թ. վերջերից լուրջ ջանքեր է գործադրում՝ հաջողություններ արձանագրելու այդ ոլորտում։ Ձգտում է փոխհարաբերությունները բնականոնացնել Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի արաբական հարուստ երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, ինչպեսեւ Իսրայելի հետ, հույս ունենալով, որ նրանց ներդրումներով ու թուրքական ապրանքների արտահանումով երկրի տնտեսական իրավիճակը կշտկվի։ Հատկանշական է, որ  Անկարան, որի համար միշտ էլ նպատակն արդարացրել է միջոցները, հանուն դրա հիմնականում ընդունում է նշյալ երկրների ներկայացրած նախապայմանները։ Դա է վկայում Եգիպտոսի ու Իսրայելի հետ փոխհարաբերությունների, թերեւս, մասամբ բարելավումը։ Ինչպես նշել է արաբ վերլուծաբան Ադուլ Բարի Ատուանը՝ Էրդողանը Եգիպտոսի դեպքում զոհաբերել է նաեւ «Մուսուլման եղբայրներին», իսկ Իսրայելի դեպքում՝ «Համասի» առաջնորդներին։ Նշենք, որ դեռեւս 2021 թ. ապրիլի 10-ին Կահիրեն հայտարարել էր, թե նախքան փոխհարաբերությունների շուրջ բանակցություններ սկսելը Թուրքիան Լիբիայից պետք է հեռացնի իր վարձկան ահաբեկիչներին, ինչի համար վերջինս ժամանակ էր պահանջել: Երկկողմ փոխհարաբերությունների առնչությամբ բանակցություններում Կահիրեն առաջ է քաշել այդ երկրի ու ղեկավարության դեմ թշնամական դրսեւորումների կասեցում, թուրքական ԶԼՄ-ներում հակաեգիպտական քարոզչության դադարեցում: Բացի այդ, Եգիպտոսը պահանջում է, հարգելով միջազգային նորմերն ու օրենքները, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, ինչպեսեւ ահաբեկչական խմբերի ու կազմակերպությունների համար չստեղծել նպաստավոր պայմաններ: Այսուհանդերձ, ինչպես ընդգծել է Ատուանը, թեեւ թուրք-եգիպտական փոխհարաբերություններում բարելավում նկատվում է, սակայն Կահիրեն չի շտապում դեսպան ուղարկել Անկարա՝ հաշվի առնելով Էրդողանի անկանխատեսելիությունը։ Էրդողանը դեռեւս 2019 թ. նոյեմբերից ջանք ու եռանդ չի խնայում Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն առայսօր լուրջ ձեռքբերումներ չեն արձանագրվել։ Ընթացիկ տարվա հունվարի 3-ին Էրդողանը, պատասխանելով երկրի արտահանման ոլորտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին հարցին, հայտարարել էր, թե փետրվարին այցելելու է Սաուդյան Արաբիա: Սակայն, ըստ երեւույթին, Էր Ռիյադը ցանկություն չունեցավ ընդունել Էրդողանին, ահա թե ինչու նա բավարարվեց ԱՄԷ այցելությամբ։ Նշենք, որ 2020 թ. Էր Ռիյադը ոչ պաշտոնապես կասեցրել է Թուրքիայից ներմուծումները՝ երկու երկրների միջեւ քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառով: Սակայն Էրդողանը հանուն իր նեոօսմանական երազանքների, իշխանության ու 1000 սենյականոց «Սպիտակ պալատի» չի ցանկանում անգամ ենթադրյալ հնարավորությունները կորցնել։ Այս դեպքում նա հույս ունի, որ Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների ներմուծման ոչ պաշտոնական արգելքի վերացումը եւ Էր Ռիյադի ներդրումները Թուրքիայում լուրջ աջակցություն կլինեն տնտեսական իրավիճակի կայունացման հարցում։ Եվ, ահա, մարտի 31-ին Թուրքիայի դատախազությունը, թերեւս, անսպասելիորեն պահանջել է սառեցնել  սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով դատավարությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիայի դատախազությանը։ Թեեւ գործը վարույթ ընդունած դատարանը դեռեւս չի պատասխանել դատախազության պահանջին, սակայն հայտնել է, որ հաշվի է առնելու արդարադատության նախարարության կարծիքը, որին հարցում է ուղղել։ Ակնհայտ է, որ դա քաղաքական որոշում է, ուստի նախարարության պատասխանն էլ կլինի դրական։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը բազմիցս շեշտել է, թե սպանությունը տեղի է ունեցել Թուրքիայում, ուստի դատավարությունն էլ պետք է լինի այնտեղ։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...