Բայրամովը մանրամասներ է հայտնել Միրզոյանի հետ իր զրույցից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցի մասին։ Նրա խոսքով, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների միջև 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա քայլերը։ Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զբաղվեն երկրների միջև խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման գործընթացի, ինչպես նաև հումանիտար հարցերով։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է այն 5 սկզբունքները, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին խաղաղության պայմանագրի կնքման համար։ Բայրամովը նշել է, որ Հայաստանը հայտարարել է Ադրբեջանի առաջարկած սկզբունքների ընդունելիության մասին։