Իրանում ՀՀ դեսպանն ու Խեյրոլլահ Խադեմին քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը

Irani het

 2022թ-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ մայրուղու ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։

«Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-Հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»,- ինչպես հաղորդում է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, անդրադառնալով նախորդ տարի Հայաստան կատարած իր այցին՝ նշել է Խեյրոլլահ Խադեմին:

Իրանում Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել ճանապարհաշինության ոլորտում իրանական ընկերությունների հետ համագործակցության կապակցությամբ:

«Հայաստանը ողջունում է համագործակցությունը իրանցի ճարտարագետների և կապալառուների հետ ճանապարհաշինության, հատկապես՝ կամուրջների և թունելների կառուցման արժեքավոր փորձը: Պատրաստակամություն կա՝ Իրանի օգնությամբ կառուցել այս միջանցքի հարավային հատվածը»,- նշել է դեսպանը:

 

Ձեզ կհետաքրքրի...