«Ութ ամիս լռել եմ, բայց մանրամասն խոսելու եմ, ասելիքներ ունեմ, որոնք նույնիսկ իր փաստաբանները չգիտեն». Աղվան Հովսեփյան

Hovsepyan Aghvan

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մարտիրոսյանին։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ չի ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների, օրինական դատարանի հիման վրա արդար դատաքննության իրավունքի պահպանումը. «Քրեական գործի մակագրման ընթացքում չի պահպանվել օրենքով սահմանված կարգը։ Դատարանի նախագահը քրեական գործը մակագրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, թեև գործերի բաշխման էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվումն ԱԱԾ-ի կողմից չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, այնինչ՝ մակագրման օրերին արդեն իսկ տեղեկացվել էր, որ վերագործարկման բանալիները գտնվում են դատական դեպարտամենտում»,- պարզաբանեց պաշտպանը։ Ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց, որ մակագրությունը կատարվել է այնպես, ինչպես պետք էր։ Անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ նաև Աղվան Հովսեփյանը. «Ութ ամիս ես լռել եմ, մանրամասն խոսելու եմ, երբ կալանքի հարցը քննարկվի։ Ես ունեմ ասելիքներ, որոնք նույնիսկ իր փաստաբանները չգիտեն, նաև հանրային կարծիքի հետ կապված»,- նշեց Հովսեփյանը։ Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։ Կողմերին լսելուց հետո՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով հայտարարեց՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է։  Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։ «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝   factor.am

Ձեզ կհետաքրքրի...