«5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելու հարցում ըմբռնում ունեն և´ Ադրբեջանը, և´ միջազգային գործընկերները. ԱԽ քարտուղար

AKH qartughar

 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե չի տեսել, որ Ադրբեջանը հրապարակավ մերժի Հայաստանի 6-կետանոց առաջարկը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի 5-կետանոց առաջարկին հաջորդել էր Հայաստանի 6-կետանոց պատասխանը։

«Հայաստանի համար Ադրբեջանի առաջարկած կետերը անընդունելի չեն եղել։ Հայաստանն իր 6 կետերում առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղություն ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը հայտարարել է, որ առաջնային է Արցախում բնակվող հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծումը գտնելը և ըստ դրա պետք է ձևավորվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Այդ փաթեթին հրապարակային մերժում չեմ տեսել։ Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել, ըմբռնում կա։ Այդ ըմբռնումը կա և´ ադրբեջանական կողմում, և´ մնացած բոլոր միջազգային գործընկերների մոտ։ «5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք այդ ըմբռնումը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ձեզ կհետաքրքրի...