Եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով՝ կստանա զեղչեր, ուղիղ ասած՝ թոշակները 10%-ով կբարձրացվեն. Փաշինյան
«Առաջիկայում պետք է ներդնենք նոր համակարգ. հանրապետության բոլոր կենսաթոշակառուների քարտային առևտրով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառվի զեղչերի համակարգ: Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ներդրվելու է զեղչերի համակարգ»,- այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ սա կունենա մի քանի նշանակություն. առաջինը զուտ սոցիալական նշանակությունն է, հաջորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումն է. «Եվ երրորդն այն է, որ այդ առևտրի, այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը»:
«Այդ զեղչերը կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավորի կողմից»,- նշեց վարչապետը և հավելեց, որ բանակցում են տարբեր ընկերությունների հետ: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ այս գործընթացից, և հույս հայտնեց, որ այդ ընկերությունները նախաձեռնություն կցուցաբերեն, քանի որ դա նաև նրանց իմիջի համար կարևոր նշանակություն կունենա: