Երևանում «Սոլո» բարի տնօրենը BMW 750-ով բախվել է ծառին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա.
Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչՀարություն Գրիգորյանն ու գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Գոռ Հայրապետյանը։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։