Նման ենթադրությունները ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են. Գոռ Աբրահամյանի անդրադարձը՝ Կաթողիկոսի՝ դատախազ եղբորորդու ձերբակալման վերաբերյալ որոշ լրատվամիջոցների ենթադրությունների մասին
Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք, որի հետևանքով ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Խոսքը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդի, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի մասին է։
Լուրի վերաբերյալ Hraparak.am-ը «Ի՞նչ «մեսսիջ» են փոխանցում Գարեգին Բ-ին՝ նրա եղբորորդուն ձերբակալելով» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ այս ձերբակալությամբ Կաթողիկոսին «մեսսիջներ» են փոխանցվում։
Hraparak.am-ը այս ձերբակալությանը հստակ քաղաքական ենթատեքստ էր տվել, դատախազի ձերբակալությունը կապելով Կաթողիկոսի անձի, այլ ոչ իրավական գործընթացի հետ։
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրատվամիջոցի ենթադրություններին, անհասցե, ընդհանարական արձագանքել է լրատվամիջոցին, գրելով. «Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ:
Առանձին լրատվամիջոցներ ակնհատորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում:
Ավելին, լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե Վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ արանելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել:
Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար:
Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:
Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու, առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտիգների, անձնավորման տիրույթ:
Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում), ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը:
Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության:
Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները:
Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել:
Մասնվոորապես, նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել:
Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար:
Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա»: