ՀՀ ԱԱԾ-ն՝ Թուրքիայի հետ սահմանին ականազերծման աշխատանքների մասին
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:
«Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։
Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ իսրայելական ընկերությունը զբաղվում է հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ։ Հայտնում էին նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվում է Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Աքյաքա շրջանում «Դողուքափը» (հայկական կողմից՝ Ախուրյան) սահմանային անցակետի և «Ալիջան» (հայկական կողմից՝ Մարգարա) անցակետի բացման նախապատրաստումը: Դա արվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի սկզբին։
Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։