Իրանական միջուկային գործարքը մոտ է, բայց ոչ բոլոր խնդիրներն են լուծված
Վիեննայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու անուղղակի բանակցությունները։ Այժմ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցողները իրենց կառավարություններին պետք է ներկայացնեն համաձայնագրի վերջնական նախագիծը, որից հետո, ինչպես սպասվում է, արտաքին գործերի նախարարները կվերադառնան Վիեննա՝ պաշտոնապես վերականգնելու 2015 թվականի միջուկային համաձայնագիրը:
«Յուրաքանչյուր տեխնիկական հարցի և յուրաքանչյուր պարբերության հետևում կա քաղաքական որոշում, որը պետք է կայացվի մայրաքաղաքներում,- Twitter-ում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:- Եթե այս պատասխանները լինեն դրական, ապա մենք կարող ենք ստորագրել այս համաձայնագիրը»։
Վերջնական նախագիծը որոշում է այն քայլերը, որոնք Իրանը և ԱՄՆ-ն պետք է ձեռնարկեն, որպեսզի վերադառնան 2015 թվականի սկզբնական իրանական միջուկային գործարքի լիարժեք պահպանմանը՝ պաշտոնապես հայտնի որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր:
Գործարքը չեղարկում է ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներն ընդդեմ Իրանի՝ իր միջուկային ծրագրի սահմանափակմանն ուղղված քայլերի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ միջուկային ոլորտում ՄԱԿ-ի վերահսկող մարմնի կողմից տեսչական ստուգումների թույլտվության համաձայնագրի դիմաց: Բանակցություններում ԵՄ-ն 16 ամիս հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլիի և նրա իրանցի գործընկեր Ալի Բաղերի Կանիի միջև: Թեհրանը հրաժարվում է ուղղակիորեն խոսել ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորս տարի առաջ ԱՄՆ-ը դուրս բերեց միջուկային համաձայնագրից և կրկին տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ:
«Այժմ մայրաքաղաքները պետք է քննարեն այս տեքստը։ Սա հնարավոր փորձերից լավագույնն է։ Մենք բանակցություններ ենք վարել յուրաքանչյուր ասպեկտով»,- ասել է պաշտոնյան: