Կրակոցներ Մյասնիկյան պողոտայում
Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի մեքենայից երեք կրակոց են արձակել, և պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 03.30-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք են բերվել 33 և 27 տարեկան երկու երիտասարդ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով: Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, կրակել էր գազային ատրճանակից:
Երիտասարդները տեղափոխվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: