Արտաշատում բերման է ենթարկվել «Աուրա» ակումբը շահագործող «Բդոյի Դավիթը». հայտնաբերվել են ատրճանակներ, թմրանյութ

Tmranyut

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 27-ին Արտաշատ քաղաքում իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է «Բդոյի Դավիթ, բա քեզ պե՞տք էր» անունը։

Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատում, հայտնի «Բդոյի Դավիթ» մականվամբ Դավիթ Պողոսյանն իր մոտ պահում է թմրանյութեր և զենք-զինամթերք։

Տևական ժամանակ ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողնեը մեծ աշխատանք են կատարել և արդեն վստահ լինելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են՝ դիմել են Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկությունների որոշում տա, ինչը բավարարվել է, և, համաձայն այդ որոշման, խուզարկություններ են կատարվել «Բդոյի Դավթի»՝ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի 58/1 հասցեում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում։

Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվել է կանաչավուն չորացված, մասնատված կանեփանման բույսի նման զանգված, որոնք եղել են 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։ 

Աշխատասենյակում հայտնաբերվել են նաև մասնատված «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ 

Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեզ կհետաքրքրի...