Նրանք կտեսնեն՝ Սիոնիստական ռեժիմից ինչ-որ բան մնացե՞լ է, թե՞ ոչ. Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ոչ ոք չի կարող խլել Իրանի միջուկային արդյունաբերության իրավունքը։ Տեղացի և օտարերկրյա լրագրողների հետ զրույցում Ռաիսին նշել է, որ միջուկային արդյունաբերությունը Իրանի և Իրանի ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Նա նշել է, որ «Սիոնիստական ռեժիմը» երկար ժամանակ չէր ցանկանում, որ Իրանը գիտելիքներ ձեռք բերի միջուկային արդյունաբերության ոլորտում։ Այդ պատճառով Իսրայելը դիմում է իրանցի միջուկային գիտնականներին ահաբեկելու։ Սակայն ահաբեկչության մեթոդը չի ստիպի Իսլամական Հանրապետությանը հրաժարվել իր ընտրած ճանապարհից։ Ռաիսին նաև ավելացրել է, որ «Սիոնիստական ռեժիմը» պարզապես վախենում է Իրանից, ինչի պատճառով նրանք իրականացրել են Ղասեմ Սոլեյմանիի «վախկոտ սպանությունը», որը խաղաղություն էր բերում տարածաշրջանի ժողովուրդներին։
«Եթե Սիոնիստական ռեժիմը որոշի սպառնալ Իրանին, նույնիսկ նախքան նրանց սպառնալիքների իրականացումը, նրանք կտեսնեն՝ Սիոնիստական ռեժիմից ինչ-որ բան մնացե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է Ռաիսին։