Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Ղարաբաղի տարածքում հանքերի տարածք մուտք գործելու հետ կապված
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև վերացնելու միջավայրի համար բացասական ազդեցության հետևանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան, խաղաղապահ զորախումբը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»,- ասել է Հաջիզադեն։
Ըստ նրա, Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն, իբր աճում է բնական ռեսուրսների, հատկապես ոսկու հանքավայրի և պղնձամոլիբդենային հանքավայրի «ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաև բնապահպանական իրավիճակի սրումը»։
«Դեկտեմբեր ամսից բ անակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ «ապօրինի հանքարդյունաբերություն» է իրականացվում, սակայն այդ ուղևորությունը կանխվել է։ Այն ֆոնին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղևորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։
Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կոչ են արել անարգել մուտք գործել այդ դաշտեր»,- ասել է Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ադրբեջանական կողմը ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։