Պուտինը Շոյգուի միջոցով խնդրանք է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի ենթադրյալ սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներին հղումով։

 Ըստ նրանց՝ համապատասխան ուղերձը Խամենեին է փոխանցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա մեկ օր առաջ այցելել էր Իսլամական Հանրապետություն, այնուհետ՝ Ադրբեջան:

 Իրանում Շոյգուն հանդիպել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ինչպես հաղորդել է Irna-ն, բանակցություններում նախագահն ընդգծել է իրանա-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Շոյգուն, իր հերթին, Իրանին անվանել է տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր ռազմավարական դաշնակիցներից մեկը և ընդգծել համատեղ նախագծերի զարգացման հետաքրքրությունը։

 Հանդիպմանը Փեզեշքիանն ասել է նաև, որ իր երկիրը «ոչ մի կերպ չի ձգտում ընդլայնել պատերազմի և ճգնաժամի մասշտաբները» Մերձավոր Արևելքում, սակայն Իսրայելը «միանշանակ պատասխան կստանա իր հանցագործությունների և լկտիության համար»

Ձեզ կհետաքրքրի...