Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան

mnacakanyan

Հարց. Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր: Մենք ունենք համատեղ ապրելու, կենցաղ վարելու երկարատև պատմություն. մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը շատ խորը արմատներ ունի: Կարծում եմ՝ ունենք փոխադարձ հարգանքի բացառիկ օրինակներ. հարգանք մեր մշակույթների, քաղաքակրթության, կրոնի հանդեպ: Միջազգային օրակարգում շատ է խոսվում քաղաքակրթությունների երկխոսության և կրոնների երկխոսության մասին: Մենք դա գիտենք մեր դարավոր պատմությունից և ամուր հիմքերի վրա կառուցված ավանդույթներից: Եվ հիրավի, դրա կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի կյանքն այս տարածաշրջանում: Եգիպտոսում հայ համայնքը հսկայական ներդրում է ունեցել մեր պետությունների միջև բարեկամության կերտման գործում: Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ: Մենք մեծ ոգևորությամբ ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Եգիպտոսի նախագահին: 

Հարց. Պարոն նախարար, որքան գիտեմ՝ այսօր հանդիպել եք Արաբական լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Այս տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արաբական Լիգայի միջև հարաբերությունների համակարգումը, հատկապես քաղաքական առումով: 

Զոհրաբ Մնացականյան. Ունենք Արաբական լիգայի շրջանակներում մեր գործընկերների հետ աշխատելու բավականին լավ ավանդույթ, և ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել Գլխավոր քարտուղարի կողմից: Մենք շատ կարևոր և ծավալուն զրույց ունեցանք Մերձավոր Արևելքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մենք ունենք հաստատված դիրքորոշումներ և մոտեցումներ, և որոնց միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ: Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումների առնչությամբ հենց այն նույն պատճառներով, որոնք արդեն նշեցի. խաղադրույքները շատ բարձր են: Արաբական աշխարհի հետ  հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ, և այս երկխոսությունը մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում: Գլխավոր քարտուղարի հետ ունեցանք վերջին զարգացումների շուրջ մտքերի և դիտարկումների լայն փոխանակում: Իհարկե, մտահոգիչ զարգացումները շատ են, և կայունության ու խաղաղության պահպանման հարցում մեր հաստատուն հետաքրքրությունը մնում է աներեր. այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք մեր բոլոր գործընկերների հետ: 

Հարց. Այս տեսանկյունից՝ ինչպե՞ս է Հայաստանը գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը:

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ վերջին զարգացումներին: Մենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ: Վերջերս Թել Ավիվում ֆիզիկական ներկայություն հաստատեցինք՝ ի դեմս դեսպանության: Մենք Իսրայելի հետ ունենք տարբեր հարցեր և տարբեր առումներով քննարկում ենք իրականացնում այդ հարցերի շուրջ: ԱՄԷ-ի հետ ունենք համագործակցության և բարեկամության կարևոր օրակարգ և շատ դինամիկ փոխհարաբերություններ, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Եվ իհարկե, մենք ունենք մեր հաստատուն դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ, որն անփոփոխ է. մենք աջակցում ենք Պաղեստինի խնդրի բանակցային, երկու պետության ճանապարհով լուծմանը: 

Իհարկե ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Հուսով ենք, որ այսպիսի երկխոսությունը, այսպիսի խաղաղ գործընթացը միակ ճանապարհն է բարձր զգայունություն և երկար պատմություն ունեցող հակամարտությունը հասցեագրելու համար: Հուսով ենք, որ նմանօրինակ զարգացումները իրենց ողջ զգայունությամբ նպաստելու են բոլոր կողմերի շահերին, մտահոգություններին և առաջնահերթություններին: Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին և լիահույս ենք, որ այս զարգացումները նպաստելու են խաղաղությանը:

Հարց. Դուք նշել եք, որ «մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը»: Ու՞մ էր հասցեագրված այդ հայտարարությունը:

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ` հայերիս համար, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է: Այս հարցը հիմնված է անվտանգության շատ ուժեղ գիտակցության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այդ իրավունքների ճանաչումը մշտապես եղել է շատ կարևոր գերակայություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության կայուն միջավայրի հետ մեկտեղ: Նաև այն, որ հնարավոր է միայն խաղաղ բանակցային լուծում` հիմնված փոխզիջումների վրա: Փոխզիջում նշանակում է քրտնաջան աշխատանք, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և գտնում է կողմերի ստանձնած պարտավորությունների այդ կարևոր հավասարակշռությունը, որը հանգեցնելու է կարգավորման:

Ցանկացած միակողմանի առավելապաշտական մոտեցում չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ, ինչպես նշեցի, այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է: Այնուամենայնիվ, մենք շատ հստակ ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ, որը հանդես է գալիս ուժի, ագրեսիվ հռետորաբանության  և գործողությունների դիրքերից: Այդ գործողությունները դրսևորվում են Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության ցուցաբերմամբ և այնտեղ ռազմական ներկայության ամրապնդմամբ: Մենք նաև շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արևելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան: Սա ողջունելի քաղաքականություն չէ, սա ազդեցության տարածում է` Թուրքիայի հարևանության ողջ երկայնքով: Մենք մտահոգված ենք, մենք դիտարկում ենք, մենք հետևում ենք Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և տեսնում ազդեցության տարածումը` որպես այս քաղաքականության դրսևորում: Դա չի նպաստում խաղաղությանը, դա շատ ապակայունացնող քաղաքականություն է:

Հարց. Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա: Ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ուղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին: 

Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ  հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման:

Հարց. Պարոն նախարար, Դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, և վերջերս բանակցություններ եք անցկացրել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ: 

Զոհրաբ Մնացականյան. Այո, Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն` միջազգային և տարածաշրջանային բազում հարցերի շուրջ, և իհարկե, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից է՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, անկախ նրանից, դա վերաբերում է Իրանին կամ որևէ այլ գործընկերոջը: Եվ սա շատ հիմնարար սկզբունք է, որը, բնականաբար, հեշտ գործ չէ:

Հարց. Եվ վերջին հարցը, Կահիրե այցի շրջանակներում Դուք հանդիպում ունեցաք  Գերագույն Իմամ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի և Ալեքսանդրիայի Պապ Թավադրոս Բ-ի հետ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր տարբեր դավանանք ունեցողների միջև կառուցել խաղաղության և հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններ՝ աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն ուղեցույցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ: Մենք խորը հարգանք ենք տածում իսլամի նկատմամբ և ունենք իսլամի հետ ապրելու պատմական փորձ:

Մեր ինքնությունը մեզ սովորեցրել է արժևորել և կարևորել ուրիշների պատմությունը, աշխարհընկալումը և հոգատարությունը` ժխտելով կրոնի քաղաքականացման ցանկացած փորձ: Վերջինիս մենք երբեմն առերեսվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, երբ ականատես ենք լինում որոշ ծայրահեղ անպատասխանատու քաղաքական գործիչների փորձերին՝ ներդնելու կրոնի փաստարկը, ինչը մեզ համար անհեթեթ է, որովհետև մենք՝ որպես քրիստոնյա, իսլամի հետ համերաշխ ապրող ազգ ենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացարձակապես կրոնի մասին չէ: 

 

 

a1plus.am

Ձեզ կհետաքրքրի...