Լևոն Տեր-Պետրոսյանը մատնանշել է Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորությունը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանն անդրադարձել է Ժնևի քաղաքային խորհրդի՝ հոկտեմբերի 7-ի որոշմանը, որով քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը և պարտադրել սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում: Ըստ առաջին նախագահի՝ այս որոշումը խիստ կարևոր է, որովհետև պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, iLur.am կայքում հրապարակված հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է.
«Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»:
Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում: Այդ դոկտրինի էությունը հետևյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։
Ավելորդ համարելով մտնելու մանրամասների մեջ, որոնք արտացոլված են 2016թ. մայիսի 6-ին հրապարակված իմ հոդվածում, հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը. այս դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել»:
Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:
Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ:
Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները:
«Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում:
Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: