Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW X6-ը, Mercedes-ն ու մարդատար «Գազելը»․
Այսօր, հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում 43 հասցեի դիմաց բախվել են BMW X6-ը, Mercedes-ը և թիվ 55 համարի երթուղին սպասարկող «Գազելը»։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ՝ Արման Վիրաբյանը և Գիորգի Աշչյանը։ Փաստի առթիվ Գ․ Աշչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված վարորդներն ու քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ ճանապարհի հարևանությամբ ապրող բնակիչներն էլ պատկան մարմինների ուշադրությունն էին սևեռում, որպեսզի նշված հատվածում կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
shamshyan.com