Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

krakocner

Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը:
1) Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում:
2) Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում և որը գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:
Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:
Հետևաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար:

Ձեզ կհետաքրքրի...