ԵՍ 13 ՏԱՐԻ ՏԱՌԱՊԵՄ, ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ԹՈՌՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՇ-ՏՈ՞ՒՇ ԱՆԻ. Մարտի 1-ին 10 սպանվածներից Սամվել Հարությունյանի հայր
Նախօրեին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այս որոշմանը դատախազությունը չի շտապում արձագանքել, մասնավորապես գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը չի մեկնաբանում Դանիբեկյանի որոշումը՝ հայտարարելով, որ նախ անհրաժեշտ է ծանոթանալ դրա բովանդակությանը` դատավորը կարդացել է միայն ներածական եւ եզրափակիչ մասերը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ գլխավոր դատախազն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ առաջարկելով մեկնաբանել իրեն որոշումը եւ թույլատրել, որ արարքները վերաորակվեն այլ հոդվածով, դատախազը կարծում է, որ գործում շրջադարձ է հնարավոր: Նա հիշեցնում է, որ վերանայումը հնարավոր է մի շարք դեպքերում, այդ թվում՝ նոր հանգամանքների ի հայտ գալու, իսկ այդպիսին կլինի Սահմանադրական դատարանի որոշումը, եթե ՍԴ-ն որոշ նորմեր Սահմանադրությանը հակասող ճանաչի: Նույն արարքի համար անձին երկու անգամ դատելու անթույլատրելիության սկզբունքը դատախազությանը չի անհանգստացնում: Պետրոսյանը կարծում է, որ սա հենց այն դեպքն է, երբ նույն սկզբունքից ելնելով՝ մեղադրանքը կարող է վերանայվել:
Մարտի 1-ին 10 սպանվածներից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց․ ՍԴ-ն չպետք է նման որոշում կայացներ, իսկ քրեական գործը կարճելով՝ խախտվում են իրենց իրավունքները․ «Մենք 13 տարի պայքարում ենք, որ իրական մարդասպանները մատնանշվեն, եթե չլիներ սահմանադրական կարգի տապալումը, մեր էրեխեքը չէին զոհվի, ջո՞ւրը գնաց մեր էսքան արածը, բայց մենք նորից կսկսենք պայքարել, մեր պայքարը չի ավարտվել, բոլորն իրենց պատիժը պետք է ստանան»։
Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը դատարանում տուժողի իրավահաջորդ է, դեմ է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը․ «Այստեղ Սահմանադրական դատարանն ամեն ինչ արեց, Աննա Դանիբեկյանը ոչինչ չուներ անելու։ ՍԴ-ն ծառայեց նախկին իշխանություններին եւ ժողովրդին տանելու է քաղաքացիական պատերազմի, լավ բան չարեց։ Բա այդ տանկերն ո՞վ բերեց Հայաստան, զորք մտավ Հայաստան, սահմանները թուլացան, բա դրան ՍԴ-ն ի՞նչ է ասել, 10 զոհերին ո՞նց է պատասխան տալու, մենք ընդամենը պահանջում ենք մեղավորներին պատժել, չարեցին»։
— Դուք խոսում եք սպանված անձանց մասին, բայց քննվող գործում նման մեղադրանք չկա՝ ոչ մեկին առաջադրված։
— Եթե չլիներ սահմանադրական կարգի տապալում, սպանություններ չէին լինի, 7-ի գործով դատավարությանը բերել էին, անմեղ մարդկանց դատում էին՝ զուգորդված սպանությունների համար, հիմա, եթե Քոչարյանը զորքը չբերեր, այդ մարդիկ որտեղի՞ց կմեռնեին, թիկնապահները հագել են զինվորական հագուստներ, գնդակահարել են մարդկանց, Քոչարյանը տեղյակ չէ՞ր կամ չէ՞ր կարողանում հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա։ Ամեն ինչին իշխանությունն է պատասխանատվություն կրում՝ թե՛ լավի համար, թե՛ վատի։ Եղել է 10 մարդու սպանություն, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, իհարկե՝ ներկա պահի իշխանությունները, ոչ մեկը չդատապարտվեց։ Ոչ մի օգնություն, ոչ մի բան չարեցին 13 տարվա մեջ, իսկ ներկա իշխանությունը մեզանից ներողություն է խնդրում, բայց ինչի՞ համար, մեզ աջակցություն է տալիս, իսկ նախկին իշխանությունները ոչինչ չարեցին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ցահ դատապարտվեն։
— Դատախազն է դիմել ՍԴ՝ մեղադրանքի վերաորակման հնարավորութուն ստանալու համար։
— Դատախազը դիմել է մեր աչքերը փակելու համար, ՍԴ-ն նույնիսկ վարույթ էլ չի ընդունել։ Ես պահանջում եմ գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի հրաժարականը։ Գլխավոր դատախազն ինչքա՞ն ժամանակ է այդ պաշտոնին, մարտի 1-ի գործով որեւէ մեկը դատապարտված կա՞, մարդկանց ծեծել են, ջարդել են, սպանել են, որեւէ մեկը դատապարտված կա՞։ Սա ի՞նչ դատախազություն է, բոլոր մեղավոր դատավորները պետք է հեռանան պաշտոնից։ Նախարարի հրաժարականն էլ պահանջում ենք, որովհետեւ դատական համակարգում որեւէ փոփոխություն չի կատարվել, դատավորների վրա ճնշում գործադրում են նախկին իշխանությունները։
— Դուք փաստեր ունե՞ք։
— Ո՞վ է տեսել ՀՀ-ում Ազգային ժողովի նախագահին ծեծեն, գործերը հասցրել են դատարան, բայց դատարանն ազատ է արձակում, երկրորդը՝ կազմակերպում են Նիկոլ Փաշինյանին սպանել, դատարանն ասում է՝ անհիմն է։
— Գուցե հիմքեր չեն եղել, պարոն Քլոյան։
— ԱԺ նախագահին քցեն, սպանեն, եւ ոչ մեկ չպատժվի՞։
— Չեն սպանել, ողջ է Արարատ Միրզոյանը։
— Փառք Աստծո։
— Տուժողների մյուս իրավահաջորդների հետ խոսե՞լ եք, ի՞նչ են ասում։
— Իմ բոլոր ասածներին համաձայն են, հանդիպել ենք, էլի ենք հանդիպելու՝ քննարկելու համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 13 տարի ես տառապեմ, իմ տղային կորցնեմ, իսկ Քոչարյանն իր թոռնիկների հետ տաշ-տո՞ւշ անի, ինչի՞ համար։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, ըստ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի։
hraparak.am