Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ գեներալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ինստագրամի էջում տեղադրած գրառմամբ ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի հասցեին արված մեկնաբանությունների համար:
Վերջերս գաղտնազերծված զրույցում, որն, ըստ Իրանի արտգործնախարարության, հրապարակման ենթակա չէր, Զարիֆը քննադատել է Սոլեյմանիին, ասելով, թե գեներալը հաճախ է միջամտել արտաքին քաղաքականության հարցերում, բացի այդ, Զարիֆը նշել է, թե գեներալը դեմ էր միջուկային գործարքին և փորձել է ռուսների հետ գաղտնի եղանակով խափանել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը:
Զարիֆն Ինստագրամում տեղադրած ուղերձով հույս է հայտնել, որ «Սոլեյմանիի ընտանիքը և Իրանի ժողովուրդը ներողամտաբար կարձագանքեն այդ վիճահարույց մեկնաբանություններին»:
Զրույցի ձայնագրության հրապարակումը քաղաքական սկանդալ է առաջացրել Իրանում, որտեղ հունիսին նախատեսված են նախագահական ընտրություններ:
Գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդակայանի շրջանում ամերիկյան անօդաչու սարքի արձակած հրթիռից: Զոհվելուց հետո Սոլեյմանին ժողովրդական ընկալմամբ դարձել է թշնամական ուժերի հետ պայքարում նահատակված հերոս:
auroranews.am