Տուֆաշենցի երեխաները Գյումրու խնամքի կենտրոնից տուն չեն վերադառնա. մայրը դեռ խմում է, հորը չեն գտել. armtimes
2020 թվականի դեկտեմբերին Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքից 5 անչափահաս էր տեղափոխվել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:
Կիսամերկ, ծայրահեղ աղքատության և սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 3-14 տարեկան 5 երեխաները՝ 2 տղա, 3 աղջիկ, Գյումրի էին տեղափոխվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ: Նրանց մայրը կախվածություն ուներ ալկոհոլից, ամուսնու գտնվելու վայրն էլ անհայտ էր:
Նախարարությունը երեխաներին տեղափոխելուց հետո Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել հոր որոնման ու մոր բուժումը կազմակերպելու աշխատանքներին: Զուգահեռաբար ջանացել են հաջողության հասնել ընտանիքի հարազատների հետ բանակցություններում, որպեսզի երեխաների խնամքը նրանք ստանձնեն:
Հաստատությունում երեխաները մնալու իրավունք ունեին մինչ 6 ամիս, քանի որ գիշերօթիկը հունվարից գործում է որպես «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», որտեղ շահառուները 6 ամիս անց պետք է վերադառնան կամ կենսաբանական ընտանիք, կամ խնդրի լուծման այլ տարբերակ գտնվի՝ խնամակալ ընտանիք, խնամատարություն:
Կենտրոնում երեխաների մնալու ժամկետը օրենքով սահմանված կարգով լրացել է, խնդիրը, սակայն մնացել է այն նույն կետում որտեղ որ էր:
Անչափահասները խնամքի կենտրոնում են, մայրը դեռ խմում է, հորը չեն գտել, երեխաների հարազատներից ոչ մեկը չի ցանկացել նրանց խնամքով զբաղվել:
«Հորաքույր ունի, մորաքույր ունի և այլն: Երեխաների ամբողջ միկրոմիջավայրն ուսումնասիրվել է, հայրական ու մայրական կողմի ոչ մի բարեկամ չի ցանկացել ոչ խնամակալ դառնալ, ոչ խնամատար ծնող: Սոցիալապես անապահով են, դրան էլ գումարվում է նորմալ բնակտարածք չունենալը, որ 5 երեխային էլ տանեն, պահեն: Մենք համապատասխան գրությունն ուղարկել ենք նախարարություն: Երեխաների հետագա ճակատագիրը կորոշի նախարարությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Նախարարությունն արդեն ունի որոշում: Մեզ հետ զրույցում մարզպետարանի պատասխանատուն փոխանցեց, որ անչափահասները կշարունկեն ապրել «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում», կմնան պետության հոգածության տակ այնքան, որքան անհրաժեշտ լինի:
Որտե՞ղ է երեխաների հայրը: Գորգինյանն ասում է՝ չգիտեն. «Հայրը ինչ որ հաղորդագրություններ է ուղարկել, իհարկե, դա ես բանավոր գիտեմ, գրավոր չէ, մեկ ասել է ուզում է խնամել երեխաներին, մեկ ասել է չի ուզում: Ես անձամբ չեմ խոսել հոր հետ, այդ մասին ավելին ասել չեմ կարող»:
Անցած կես տարում երեխաների մայրն այդպես էլ չի կամեցել իր բուժմամբ զբաղվել: Լիլիթ Գորգինյանն ասում է՝ անօգուտ է եղել նաև իրենց միացած Տուֆաշենի համայնքապետի ջանքերը: Կինն անդրդվելի է, խմելը շարունակում է:
Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք կենտրոնում իրենց լավ են զգում, կանոնավոր դպրոց են հաճախում, մայրն էլ, երբ կուզի՝ կտեսակցի, սահմանափակում չկա:
armtimes.com