Չավուշօղլու. «Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը:
Չավուշօղլուն նշել է. «Ժամանակն է Պաղեստինում ցույց տալ մեր միասնականությունն ու վճռականությունը: Իսլամադավան համայնքը (ումմա) մեզնից ակնկալում է ղեկավարում: Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել»:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար: Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է «Իսլամական համագործակցության կազմակերպության» վրա:
«Մենք պետք է աշխատենք ստեղծել պաղեստինցի քաղաքացիական անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018-ի հունիսին ընդունած բանաձևի: Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաև ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան շահագրգիռ երկրների ռազմական և ֆինանսական աջակցությունը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտնել է, որ Իսրայելն անտեսում է բոլոր նախազգուշացումները՝ այդպիսով ճանապարհ բացելով նոր ողբերգության առաջ:
ermenihaber.am