Գագարինում բացվել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան-աղբյուր
Հունիսի 4-ին Գագարին բնակավայրում բացվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձանը։
Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գագարինցիներ, հերոսների ծնողները և հարազատները։
Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվել է մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի հայր Իվան Վիրաբյանին, հուշարձանի նախաձեռնող և բարերար Հարություն Ավանեսյանին։ Հոգեհանգստյան կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատևոսյանը։
Հանդիսության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին: Հերոսների ծնողներին սփոփանքի և քաջալերանքի խոսքեր է ուղղել Գնել Սանոսյանը։
«Անասելի մեծ է բոլորիս վիշտն ու ցավը, բայց մի բան կա հստակ, որով պիտի մխիթարվենք։ Դա այն է, որ մեր հերոսները զոհվել են գիտակցված մահով, մաքառել հանուն մեր հայրենիքի, որ այսօր մենք ու մեր երեխաներն ապրեն ազատ ու ապահով հայրենիքում։ Մենք պետք է անդուլ աշխատանքով ոտքի կանգնեցնենք ու հզորացնենք մեր հերոսների երազած ու պաշտպանած հայրենիքը։ Արժանի ու նվիրական գործ են կատարել աղբյուր-հուշարձանի նախաձեռնողներն ու կառուցողները։ Հավերժ փառք մեր հերոս տղաներին»,- ասել է մարզպետը։
Ապա Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Սևանի համայնքապետարանի անունից հավաստագրեր ու շնորհակալագրեր է հանձնել հերոսների ծնողներին, բարերար Հարություն Ավանեսյանին և շինարարներին։
Գրական-երաժշտական կատարումներով հանդես են եկել Գագարինի միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի սաները։
Անուն առ անուն ներկայացվել է զոհված հայորդիների կենսագրությունը, անցած մարտական ուղին։
Հանդիսության ավարտին արարողության մասնակիցներն այցելել են գերեզմանատուն ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։