Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են. Ֆուադ Հուսեյնը հանդիպել է Իրաքում ՀՀ դեսպանին
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, այդ մասին նշված է Իրաքում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում:
Հուսեյնը կատարված արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ հաջողություն մաղթելով դիվանագիտական հետագա ծառայության մեջ: Նաև ընդգծել է, որ Հր․Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայկական մշակութային տունը, մի շարք երկողմ այցեր են տեղի ունեցել՝ շեշտելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով արդյունավետ աշխատանք է իրականացվել։
«Հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում»,- հանդիպման ընթացքում այս կերպ է հայերի մասին արտահայտվել Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը:
Իրաքում ՀՀ դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Դիվանագետն, առիթից օգտվելով, շնորհավորել է Իրաքի կառավարության նախաձեռնությամբ Բաղդադում օգոստոսի 28-ին տեղի ունեցած համագործակցության և գործընկերության Բաղդադի գագաթաժողովի անցկացման կապակցությամբ։