Թեոդորա Թեանին ֆեյսբուքում գրառում է կատարել, ինչպես համաճարակը ստիպեց իրեն ավելի լավ հասկանալ հայերին
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» բրյուսելյան հ/կ աշխատակից ազգությամբ իտալացի Թեոդորա Թեանին ֆեյսբուքում գրառում է կատարել, ինչպես համաճարակը ստիպեց իրեն ավելի լավ հասկանալ հայերին․ «․․․նայում եմ դատարկված Ֆլորենցիայի նկարները և զգում նույն կարոտը, ինչ իրենց պատուհանից Արարատին նայող իմ թանկագին հայ ընկերները», նշվում է Breavis-ի հաղորդագրության մեջ։
Գրառումը հայերեն՝ ստորև:
2020 թվականի փետրվարն էր։ Սկսեցի զանգեր ստանալ Իտալիայից՝ իմ հայրենիքից. «Զգույշ եղի՛ր, հեռու մնա մարդկանցից, հեռավորություն պահիր, լվա՛ ձեռքերդ, դեմքիդ մի՛ ձեռք տուր։ Վիրուսը տարածվում է»։ «Անիմաստ հիստերիա է,- մտածեցի։- Այսքան աղմուկ բարձրացնել գրիպի պատճառո՞վ։ Դասական իտալական դրամա, ամեն ինչ չափազանցնելու սովորություն, որ իտալացիների արյան մեջ է»։ Այսպես էի մտածում մինչև այն պահը, երբ Հյուսիսային Իտալիայում կարանտին սահմանվեց, իսկ օրեր անց սահմանափակումներ մտցվեցին ողջ երկրում։
Թեև ապրում ու աշխատում էի Բրյուսելում, ուր կորոնավիրուսն ու սահմանափակումներն ավելի ուշ հասան, չէի կարողանում նախկինի նման ազատ տեղաշարժվել, քանի որ իտալական անձնագիր ունեի։ Դեպի Իտալիա չվերթները չեղարկվում էին, և ես չէի կարող գնալ հարազատներիս մոտ։ Չէի կարող գնալ նաև Հայաստան կամ մեկ այլ երկիր՝ Եվրամիությունից դուրս։ Եվրամիությունում ես ազատ տեղաշարժվում էի միայն նույնականացման քարտով, և ելքի ու մուտքի ամսաթվերը որևէ տեղ չէին գրանցվում։ Եվրամիությունից դուրս կարող էի գնալ միայն անձնագրով, իմ իտալական անձնագրով, որը տեսնելով, կարծում եմ, շատ հավանական է, որ մեկուսացնեին ինձ կամ գուցե հետ վերադարձնեին։ Բայց ո՞ւր։ Իտալիա՞։ Բելգիա՞։ Ինչպե՞ս էի ապացուցելու, որ վերջին շրջանում չեմ եղել Իտալիայում և չեմ շփվել վիրուսակիրների հետ։
Շնորհիվ իմ աշխատանքի և հարավկովկասյան երկրի հետ պլատոնական կապի, բազմիցս եմ եղել Հայաստանում։ Ճանապարհորդությունների ընթացքում ծանոթացել եմ հայկական մշակույթին և սովորույթներն, ստեղծել ամուր ընկերական կապեր և այնքան տարվել հայկական «joie de vivre»-ով, որ վարդագույն քաղաքի փողոցներում քայլելիս ինձ հաճախ են դիմել հայերենով՝ մտածելով, թե հայ եմ։
Բայց միայն այժմ եմ հասկանում՝ ինչ է շրջափակված լինելը։ Համավարակն օգնեց ինձ հասկանալ՝ ինչ է իրականում նշանակում հայ լինել, հասկանալ՝ ինչ են զգում Երևանի իմ ընկերներն ու գործընկերները, որոնք արտասահման գնալու համար վիզայի հայցեր են ներկայացնում և հաճախ մերժվում։
Վիրուսը տարածվեց անհավատալի արագությամբ։ Իտալիան ԵՄ երկրներից առաջինն էր։ Մի քանի շաբաթում կորոնավիրուսը հասավ Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել, իսկ շատ չանցած ողջ մայրցամաքը շրջափակվեց։ Մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը, որ 4 հիմնարար ազատություններից մեկն է ԵՄ-ում, սահմանափակվեց, իսկ սահմանները, որոնք մինչև համավարակը պարզապես գծեր էին՝ քարտեզի վրա, դարձան «շոշափելի», ինչպես Հայաստանում։
Ես ծնվել ու մեծացել եմ մի իրականությունում, որտեղ ազատ էի ճանապարհորդել և բազմաթիվ անգամ մի երկրից մյուսը տեղափոխվել առանց վիզայի կամ սահմաններ անցնելու խնդրի, ի տարբերություն հայերի, որոնց համար հեշտ չէր մուտք գործել Արևմտյան Եվրոպա ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այժմ։
Ի տարբերություն եվրոպացիների, հայերի համար սովորական բան է վիզա ստանալու հայց ներկայացնելը և տեղաշարժվելու թույլտվություն ստանալու համար դեսպանություններում հերթագրվելը։ Պատմությունը սովորեցրել է նրանց հարմարվել, ես կասեի՝ դիմացկուն լինել, գոյատևել և հաղթահարել դժվարությունները։
Հայերը հալածվել են ու սպանվել։ Նրանք ցեղասպանություն են վերապրել։ Նրանք կարողացել են պահպանել իրենց ինքնությունը խորհրդային տարիներին։ Նրանք այժմ էլ անկոտրում են, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններին և ազատ տեղաշարժվելու սահմանափակմանը։
Որպես իտալացի, որ ծնվել է Տոսկանիայում և ապրում է Բրյուսելում, իսկ մտքով ու հոգով կապված է Հարավային Կովկասում շրջափակված փոքրիկ երկրին, նայում եմ դատարկված Ֆլորենցիայի նկարները և զգում նույն կարոտը, ինչ իրենց պատուհանից Արարատին նայող իմ թանկագին հայ ընկերները։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատը հայերի համար հողերի կորստի ու ցեղասպանության ցավի, բայց նաև վերածննդի ու երկրորդ հնարավորության խորհրդանիշ է։ Վերածննդի նույն ոգով Իտալիան, Հայաստանը և աշխարհը կվերականգնվեն այս համավարակից հետո, որը շրջափակել է բոլորիս՝ անկախ ազգությունից, կրոնից, ծագումից ու սոցիալական կարգավիճակից։
Իսկ երբ այս ամենն ավարտվի, ես նորից կգնամ Երևան ու կնայեմ Արարատին արդեն հայի աչքերով։
a1plus.am