Ադրբեջանում փակվել են թալիշերեն լրատվամիջոցները. զեկույց

Talishner

 Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը (ATİŞ) Բաքվի կողմից ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Շրջանակային համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած բանաձևի հետ կապված այլընտրանքային զեկույց է պատրաստել։ Այս տարվա փետրվարին ընդունված փաստաթուղթը կառավարությանը խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել` թույլ տալու ազգային փոքրամասնություններին արտահայտել սեփական ինքնությունն ու մտահոգություններ, մասնակցել համատեղ հանրային որոշումների կայացմանը։ 

Առաջարկվել է նաև ընդլայնել փոքրամասնությունների լեզուների ուսուցման ոլորտը, նպաստել հարգանքի և միջմշակութային փոխըմբռնմանը, ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային առաջարկություններին:

Այլընտրանքային զեկույցում առաջարկ է արվել ընդլայնել փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումը, աջակցել փոքրամասնությունների ԶԼՄ-ներին և ընդլայնել ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցերի վերաբերյալ մեծ թվով հաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը:

Նշվել է, որ թալիշները բնիկ ժողովուրդ են, նրանց թիվը պաշտոնական տվյալներով 112 հազար է, սակայն իրական թիվն ավելի մեծ է:

Շեշտվել է, որ Ադրբեջանում փակվել են թալիշերենով նյութեր հրապարակող talish.org, tolishstan.com, tolishpress.org կայքերը, 30 տարվա ընթացքում թալիշալեզու ոչ մի լրատվամիջոց պետության կողմից ֆինանսական աջակցություն չի ստացել, իսկ թալիշ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են հետապնդման։

Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը եզրակացնում է, որ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան թալիշների նկատմամբ չի պահպանվում:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...