Նման հայտարարությունները զարմանք են առաջացնում. Թեհրանը Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին
Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական կողմի հասցեին արած հայտարարություններից և չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմաններին․ այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, հայտնում է Tehran Times-ը։
«Մի իրավիճակում, երբ երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և ամենաբարձր մակարդակով գործում են կապի խողովակներ, նման հայտարարությունները զարմանք են առաջացնում»,- ասել է Խաթիբզադեն։ Վերջինս հստակեցրել է, որ սահմանային զորավարժությունների անցկացումը Իրանի ինքնիշխան իրավունքն է։
Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը թուրքական Anadolu լրատվականի հետ զրույցում զարմանք էր հայտնել Թեհրանի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ «Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին։ Իրանը սահմանին վարժանքներ չի իրականացրել մոտ 30 տարի առաջ Ադրբեջանի անկախացումից ի վեր»։
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական ուժերը իրանական բեռնատարների վարորդներից սկսել են գումար գանձել իրենց տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանցիներն անգամ երկու իրանցի վարորդի են ձերբակալել։ Anadolu-ի հետ զրույցում Ալիևը «պարզաբանել է», որ Իրանը տարիներով անտեսել է Ադրբեջանի կոչերը՝ դադարեցնել ապրանքների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքով՝ ոչ մի իրանական բեռնատար չի մտել Ղարաբաղ այն բանից հետո, երբ իրենք սկսել են մուտքի գումար գանձել։