«Ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության». «Հայաստան» դաշինքը կոչ է անում բոլորին միանալ ջահերով երթին
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի, ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին ու պետությանը։
Միաժամանակ, Հայաստանի օրվա իշխանությունները, հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի Անկախության Հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից, փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի քաղաքացին պաշտպանում է իրենց պարտվողական քաղաքականությունը։
Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։
Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։
Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», — ասված է հայտարարությունում: