Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։
Twitter-ում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։
Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Twitter-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվել է, որ քննարկվել են նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։
Ամերիկացի դեսպանն այնուհետև ուշ հանդիպում է ունեցել նաև ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։ Թուրքական կողմն իր մտահոգությունն էր փոխանցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության կապակցությամբ։
Դրանում Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում էր արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին: