«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ իրենց քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին և տված խոստումներին:
Հայրապետյանը հիշեցրեց իր հայտարարությունը, որ մինչև 2021 թվականն իր ղեկավարած հանձնաժողովը նախաձեռնելու է երեք մայր օրենք: Առաջինը՝ մեդիայի, երկրորդը՝ կինոյի, երրորդը՝ հայրենադարձության մասին:
«Մենք հետևողական ու վճռական ենք տրամադրված մեր իսկ տված խոստումները և ձեր առջև ստանձնած պատասխանատվությունը իրականացնելու գործում: Բովանդակության առումով կարող եմ ասել, որ գալիս ենք ոչ թե որևէ հեռուստաալիք, սերիալ, նախագիծ փակելու, այլ գալիս ենք խրախուսելու լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը: Եվ սրա արդյունքում այն աղբը, որ դուք կարող էիք տեսնել մինչև օրենքը ուժի մեջ մտնելը, դուրս է գալու շրջանառությունից: Մենք օրենքով խրախուսում ենք բարձրորակ կոնթենթը, հանրօգուտ կոնթենթը»,- նշեց Հայրապետյանը:
Նախագծով 30 տոկոս նվազագույն շեմ է սահմանվել մանկական, մշակութային և կրթական ծրագրերի համար՝ նշեց պատգամավորը՝ հավելելով՝ հստակ քաղաքականություն են որդեգրել հեռուստաէկրանի բովանդակության մասով:
«Սա մի նախագիծ է, որն ընդունվելու պարագայում ունենալու է փայլուն հեռանկար՝ սրա վրա կառուցելու այն բոլոր պատկերացումները, որոնք մենք ունենք եթեր ասելիս»,- նշեց պատգամավորը: