Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է չհավատալ ՀՀ Զինված ուժերի կորուստների մասին ապատեղեկատվություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից վերսկսված հրետակոծությանը:
«Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին։ Դրանք ապատեղեկատվություն են»,- գրել է Հովհաննիսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը:
Նա նաև հայտնել է, որ հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի միլիմետր կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ, իսկ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ—ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ Հիվանդանոցում մահացել է վիրավորներից ևս մեկը:
Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:
«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։