Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել հայկական համայնքին՝ շեշտելով, որ կանգնած են համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի քաղաքապետը հայկական համայնքին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝ հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,-նշել է Էրիկ Գարսետին՝ ավելացնելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ուղին են:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: