ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում այսօր ընդունվել է կոնգրեսական Ֆրենկ Փելոնիի փոփոխությունների առաջարկը՝ պետական պաշտպանության օրենքի մասին: Փոփոխությունները կամրապնդեն մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում:
Այս մասին տեղեկանում ենք Փելոնիի կայքից: Նշվում է, որ փոփոխությունները պահանջում են, որ պաշտպանության նախարարությունը ուղիղ հայտնի բոլոր այն զինվորական ստորաբաժանումների մասին, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից: Այսպիսով հնարավոր կլինի վերահսկել մարդու իրավունքների կոպիտ խախտումները մինչեւ ֆինանսավորման ծրագրին մասնակցելը կամ դրա ընթացքում:
«Այս փոփոխությունները հատկապես կարեւոր են հիմա, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական հարձակումներով, որոնք կազմակերպում են ադրբեջանական ԶՈԻ-երը ՀՀ Տավուշի մարզում: Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չպետք է աջակցի ու ֆինանսավորի մարդու իրավունքների այս տեսակ սարսափելի խախտումները»- ասել է Փելոնին:
Հիշեցնենք՝ կոնգրեսական Ֆրենկ Փելոնին ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահն է:
Այս փոփոխություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ կիսվելով կոնգրեսականի թվիթերյան գրառմամբ ու գրելով.
«ԱՄՆ կոնգրեսական Փըլոնի փոփոխությունների առաջարկն ընդունվել է Ներկայացուցիչների Պալատում։ Սա նշանակում է, որ այդ թվում Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի խիստ թափանցիկ և ուժեղացված վերահսկողության տակ, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի դեմ»։
armtimes.com