Ասօր ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը. Ռոմանոս Պետրոսյան

Միջազգային համագործակցության օրակարգում
Ասօր ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։
Ողջունեցի Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։
Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։
Անդրադարձանք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։
Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։
Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, Դմիտրի Մարիասինին ներկայացրեցի «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ընտելացող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։
Քննարկեցինք Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։
Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, անդրադարձանք նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։
Տեղեկացրեցի, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։
Քննարկեցինք նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմային հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։
Իմ պատրաստակամությունն հայտնեցի էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։