Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանեւրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասել է. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել:
Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»:
Հարցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր պատկերացնում ինչ բեռի տակ է մտնում՝ Լենա Նազարյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար: Ինքը դրան չի հավատացել եւ դրա համար այդ ասուլիսին, իր առաջադրման առաջին օրերին ասել է, որ մենք պետք է ավելացնենք անվտանգությունը Հայաստանի եւ Արցախի: Եվ դա արվել է, արվել է՝ ինչքան որ հնարավոր է եղել»: