SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է: Մինչ բժիշկնեը բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Գորիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ վերջինը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: