Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com