Չինաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական երկխոսության ճանապարհով կվերացնեն տարաձայնությունները, ինչպես նաև կհետևեն կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք էին բերվել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է Oops Top-ը։ «Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունները, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Վենբինը՝ շեշտելով, որ երկու երկրներն էլ Չինաստանի համար բարեկամական են։ Պեկինը ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի վերջին սրման մասին լուրերին, նշել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Տաթև Ֆռանգյան