Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»,- ասել է Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ղազախական դեպքերի ժամանակ Գրիգորյանը հույս է հայտնել, որ վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, ԱԽ քարտուղարը հաստատել է, որ այդպիսի հույս եղել է:
«Բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ»,- ասել է Գրիգորյանը:
Հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, քանի որ հնչում է նաև այդ դաշինքը լքելու կոչ, Գրիգորյանը պատասխանել է հետևյալը. «Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»:
ԱԽ քարտուղարն ընդգծել է՝ Հայաստանի պահանջը մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն է: