Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են
Փետրվարի 23-ին, ժամը 23:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արթիկ ավտոճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
Պարզվել է, որ Հնաբերդ գյուղի խաչմերուկում «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Գնել Ի., ծնված 1964 թ.) և ուղևորը (Մարինե Ի., ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Ծաղկահովտի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: