Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները քաղաքական գործընթացների հետ կապելն անտեղի է. Լիլիթ Մակունց
«Քանի որ Հայաստանում համավարակի տարածման տեմպերը դեռ այն մակարդակի չեն, որ հնարավոր լինի վերացնել բոլոր սահամանփակումները, անհրաժեշտ կլինեն որոշ օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն վերահսկողություն հաստատել»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով արտահերթ նստաշրջանում ներկայացված օրենսդրական նախագծերը:
Ըստ նրա՝ վարակվածների թիվը նվազում է, սակայն դեռ կան բավական թվով վարակակիրներ: «Այնուամենայնիվ կպահպանվի դիմակի կրման ռեժիմը, իսկ թե ինչ խստությամբ, ինչ ռեժիմով՝ կսահմանի Կառավարությունը իր հատուկ որոշմամբ»,- նշեց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ անտեղի է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կապել քաղաքական գործընթացների հետ: Մակունցը շեշտեց՝ ընդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաքներից բացի ունեն այլ հարթակներ ու հնարավորություններ իրենց խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար: