Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը
Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը՝ հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Անկարայի այդ քայլը՝ հայտարարելով, որ այդ հրամանագրի նախագիծը Թուրքիայի խորհրդարան ներկայացնելը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է:
«Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիտորինգային կենտրոնի ստեղծումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»,- ասել է Կրեմլի խոսնակը և նշել. «Ադրբեջանի տարածքում գործելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ: Դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգ է: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է»:
Էրդողանը նոյեմբերի 11-ին ասաց, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող կենտրոնի ստեղծման վերաբերյալ, իրենք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ Պեսկովը հաղորդել էր, որ Մոսկվան և Անկարան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում հիմնված դիտորդական կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»: