Մարդակերներին չեք կալանավորել, բայց մեզ կալանավորելու եք. կալանավորելու եք հինգ րոպեում. Արեն Մկրտչյան

Chenq handurji

 Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի երեկվա պատասխաններին:

«Բարձրագուն դատական խորհրդի նախագահը ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի 132 պատգամավորի ասում է՝ մի շփոթեք, սա Գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ: Պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք Բարձրագույն դատական խորհրդի նիստի չեք, ձեզ կոռեկտ պահեք: Ի տարբերություն շատերի մեզ արյունոտ ձեռքերով բորենիեր չեն նշանակել պաշտոնի, ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում»:

Մեջբերելով Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, Մկրտչյանն ասաց. «Այս հայտարարությունն ու նոյեմբերի 15-ը կարող ենք հռչակել Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենֆիսի օր և այն ընդգրկել տոների և հիշատակի օրերի ցանկում, քանի որ նոյեմբերի 15-ին հուղարկավորվեցին որոշների՝ երկիրը 20 տարի հետ շպրտելու բաղձալի երազանքները»:

Մկրտչյանն ասաց՝ մարդակերներին չեն կալանավորել, բայց իրենց պատրաստ են կալանավորել: «Կալանավորելու եք հինգ րոպեում, առանց ձեռքը դողալու, որովհետ ձեզնից որոշների տերերը մեզ չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ արդեն երեք տարի դասավորված են պատմության փոշոտ դարակներում: 2018-ը մեզ չեն ներելու որոշ դատավորներ, որոնք 2018 ապրիլ-մայիսին շտապօգնության մեքենաների տակ պաղկված գնում էին գործի, գալիս էին տուն»:

Պատգամավորն ասաց՝ իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը: «Վստահ եմ, որ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ մյուս դատական մարմիններում կան հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Ռուբեն Վարդազարյան, դուք արատավոր անցյալի ուրվականն եք ներկայում: Նոյեմբերի 15-ի ձեր մարտակոչը մարտակոչ էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դուք պատերազմ եք հայտարարել ՀՀ քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին.«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Ձեզ կհետաքրքրի...