«ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԻՐԱՆԻՑ»․ ԲԱՔՎՈՒՄ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՐԵԼ ԻՐԱՆՑԻ ԱԶԴԵՑԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՈՍՔԵՐԸ . HRAPARAK
Ադրբեջանում բավականին ծանր են տարել ու «դավաճանական հարված» են որակել Իրանի խորհրդարանի [Իսլամական խորհրդակցական վեհաժողով] Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրի հայտարարությունները կապված հայ-իրանական սահմանի հետ։
Ադրբեջանի մերձիշխանական «Հաքքին.az» տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևն իր հեղինակած «Դավաճանական հարված Իրանից Ադրբեջանին» [ռուսերեն] հերյուրքանքներով լի հոդվածում (18․05․2021) բավականին կոշտ դիտարկումներ է արել Զոննուրի վերաբերյալ։
Իրանցի գործիչը երկար տարիներ՝ 1980-ից 2012 թվականներին, ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, նաև եղել է Իրանի գերագույն առաջնորդ, մեծ այաթոլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ներկայացուցչի տեղակալն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում: Նա համարվում է Իրանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, իրանական թեոկրատիայի պահպանողական ճամբարի խորհրդանշական կերպարը։
Մայիսի 16-ին «Սպտուտնիկ Իրան» ռադիոկայանին տված հարցազրույցում իրանական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն անդրադարձել էր հայ-իրանական սահմաններին ու բավականին կտրուկ գնահատականներ էր հնչեցրել, որն էլ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։
Նա ասել էր, որ «Իրանը թույլ չի տա հյուսիսային սահմանները փոխել»։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ, միանշանակ ու վճռական է: Եթե Հայաստանի տարածքից մի հատված պետք է վերցվի, և մեր սահմանային պայմանները փոխվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն, ու Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը պետք է պահպանվի», — «Սպուտնիկ Իրանին» ասել էր իրանցի գործիչը։
«Մենք սատարում ենք Ադրբեջանի դիրքորոշումը իր տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ, և պաշտպանում ենք Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության, հողի և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու վերաբերյալ: Մենք երկու երկրների հետ հարևան ենք և հիմնվելով պայմանների վրա, որ նախկինում ունեցել ենք, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու՝ աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը», — հայտարարել էր իրանցի ազդեցիկ գործիչը:
Նա նաև նշել էր․ «Մենք գիտենք, որ տարածաշրջանում սիոնիստական ռեժիմն [Իսրայելի վարչակարգը] աշխատում է տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ ստեղծելու համար»։
Անդրադառնալով Զոննուրի՝ «Իրանը թույլ չի տա փոխել իր հյուսիսային սահմանները» արտահայտությանը՝ «Հաքքին.az»-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը գրել է, որ «մի՞թե Ադրբեջանի կառավարությունը երբևէ տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին»։
«Իրանի հյուսիսում տեղակայված է անկախ Ադրբեջանի Հանրապետությունը: Մի՞թե Ադրբեջանի կառավարությունը երբևէ տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին: Հայտարարությունն իր էությամբ ու տեսքով անհեթեթ է թվում՝ հակասության մեջ մտնելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների ոգու հետ: Ախր, օրերս Իրանի հետ սահմանի երկայնքով ազատագրված շրջաններով մեքենա վարելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բազմանշանակալիորեն ցույց տալով իր հարավային հարևանի հետ սահմանը, արտահայտիչ ու ոչ խորհրդավոր կերպով արտասանեց. «Սա բարեկամությա՛ն սահման է»», — գրել է գլխավոր խմբագիրը։
Էյնուլլա Ֆաթուլաևը նշել է, որ այնուամենայնիվ, իրանցի քաղաքական գործչի հայտարարությունը հնչել է «Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հոյակապ հաղթանակի, Ղարաբաղի ազատագրման ու հայ-ադրբեջանական պետական սահմանը դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու՝ պաշտոնական Բաքվի ներկայիս քաղաքականության համածիրում»:
Այնուհետև հոդվածագիրը մեջ է բերել Զոննուրի հետևյալ խոսքերը [թարգմանված է ռուսերենից – Ս․Ա․]․ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ և վճռական է. մենք տարածաշրջանում որևէ փոփոխություն չենք ընդունում, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք նաև չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ»։
Ադրբեջանցի լրագրողն այս խոսքերի մասով նշել է, որ «Իրանցի քաղաքական գործիչը ճշգրտորեն հնչեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական ուսմունքի հիմնական սկզբունքները»:
«Ադրբեջանը նույնպես վճռականորեն դեմ էր հանդես գալիս ու շարունակում է դեմ հանդես գալ տարածաշրջանում համակարգային փոփոխություններին: Ի հավելումն, պետությունների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի անձեռնմխելի և սուրբ սկզբունքն է երկրի համար, որը դարձել էր հայկական էքսպանսիոնիզմի և արհեստականորեն զարգացված անջատողականության զոհ: Կարծես թե, այն ամենը, ինչ բարձրաձայնում է Զոննուրը, լիովին տեղավորվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատկերացման մեջ, մասնավորապես` անդրատարածաշրջանային ուժի ձևավորման մասին։ Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս որևէ տարածաշրջանային անվտանգության համակարգին սպառնացող վերջին տասնամյակում հաստատված վերտարածաշրջանային ուժի ձևավորման դեմ», — շարունակել է Էյնուլլա Ֆաթուլաևը:
«Բայց Զոննուրի հետագա անկեղծացումները լույս են սփռում Ադրբեջանին ուղղված հայտարարության՝ ուխտադրուժ, նենգ ու դավաճանական նշանակության վրա», — գրել է կայքի գլխավոր խմբագիրը և իրանցի գործչի խոսքերը որակելով «խորամանկորեն»՝ մեջբերել է դրանք․
«Եթե ցանկանան վերցնել Հայաստանի տարածքի մի հատվածն, ու մեր սահմանները ենթարկվեն փոփոխությունների, այսինքն` այս համածիրում մեզ մոտ հայտնվի նոր հարևան, դա մեզ համար անընդունելի է: Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանները պետք է պաշտպանվեն և ամբողջությամբ պահպանվեն»:
«Ի՞նչ նկատի ունի Զոննուրը: Եվ ինչու՞ պետք է փոխվեն Իրանի հետ Հայաստանի սահմանները: Ի՞նչն է ախր անընդունելի Իրանի համար», — հարցադրում է արել հոդվածագիրը Իրանի խորհրդարանի ԱԱ և ԱՔ հանձնաժողովի նախագահի խոսքերի վերաբերյալ:
«Զոննուրի չարանենգ ու խորամանկ եկույթը նվիրված է Զանգեզուրի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին [Սյունիքի մարզ]: Համենայն դեպս, իրանական ու հայկական լրատվամիջոցներն այսպես են մեկնաբանում իրանցի պաշտոնյայի խոսքերը: Հայաստանի հետ սահմանի դեմարկացիան, Զոննուրի կարծիքով, վտանգ է ներկայացնում Իրանի և Հայաստանի հետաքրքրությունների համար: Քանի որ դա խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Եվ ապագայում սպառնում է Իրանի անխորտակելիությանը», — նշել է ադրբեջանցի լրագրողը։
Էյնուլլա Ֆաթուլաևը, նաև խեղաթյուրելով Սյունիքում Սև լճի վերաբերյալ քարտեզային տեղեկությունները, նշել է, որ «Հայաստանի կողմից Գարագյոլ լճի [ադրբեջ․՝ Qaragöl – Քարագյոլ, Սև լիճ] շուրջ վիճարկվող տարածքը, դատելով խորհրդային շրջանի քաղաքական քարտեզներից, Ադրբեջանի կազմում է»:
Նշենք, որ քարտեզներով ընդամենը լճի 13-15 տոկոսն է Հայաստանի տարածքից դուրս նշված, նաև՝ «Գուգլ քարտեզներ» ծրագրով։
«Եվ այս փաստը չի վիճարկվում նույնիսկ Ռուսաստանի՝ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի կողմից», — Ադրբեջանի օգտին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն է մեկնաբանել «Հաքքին.az»-ի գլխավոր խմբագիրը:
«Բառացիորեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին [մայիսի 18-ի նախօրեին] հանդես է եկել նոյեմբերի 10-ի [9-ի] Եռակողմ համաձայնագրի խստորեն իրականացման պահանջով: Իսկապե՞ս, Իրանը, կիսելով արևմտյան որոշ երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի դիրքորոշումը, հանդես է գալիս հօգուտ խաղաղության համաձայնագրի պահանջների վերանայման», — շարունակել է նա:
Վերջինս հարցադրում է արել, թե «ինչո՞ւ է ախր Իրանը, բանավոր ճանաչելով Ադրբեջանի ամբողջականությունը, կասկածի տակ դնում նրա ինքնիշխան տարածքների մի մասը»:
Փաստորեն, ադրբեջանական քարոզչամիջոցի խմբագիրը հայկական տարածքները ներկայացնում է որպես ադրբեջանական։
«Ավելին, Իրանի քաղաքական էլիտան շատ նշանակալի քաղաքական գործչի [Զոննուրի] շուրթերով դրդում է Հայաստանին վճռական գործողությունների: Ըստ Զոննուրի ՝ Հայաստանը իրավասու է ապահովելու իր տարածքային ամբողջականությունը: Միայն թե ինչու՞ է Զոննուրն ադրբեջանական տարածքը ներառում Հայաստանի կազմի մեջ։ Եվ ի՞նչ հիմքի վրա: Իսկ ի՞նչ ձևով է ադրբեջանական տարածքների դեօկուպացիան վտանգ ներկայացնում Իրանի համար», — ընդգծել է «Հաքքին»-ի գլխավոր խմբագիրը:
Ադրբեջանական «գիտական» ու մերձիշխանական լրագրողական, քաղաքական շրջանակները Արցախյան պատերազմի հայտնի գործիչներին բնութագրում են իբրև «ռազմական հանցագործ», «ռազմական դահիճ»։
Այսպիսի բնութագրումից զերծ չի մնացել նաև «Հաքքին.az»-ի գլխավոր խմբագիրը, ով, հոդվածում անդրադառնալով Արցախի առաջին և Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու Հայաստանի 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, նրանց ներկայացնել է իբրև «ռազմական դահիճներ»։
«Չնայած, ղարաբաղյան հակամարտության պատմական տեսանկյունից վերլուծելով Իրանի քաղաքականությունը՝ Զոննուրի անկեղծացումները տարակուսանք ու զարմանք չեն հարուցում: Ադրբեջանում լավ են հիշում, թե ինչպես էին Իրանի նախագսահները գրկախառնվում ռազմական դահիճների` Քոչարյանի և Սարգսյանի հետ, մոռացության չէին տալիս իրանական համերաշխությունը հայկական էքսպանսիոնիզմի հետ` պատերազմի ընթացքում եղբայրական հայ ժողովրդի օգնությամբ կառուցված բեռնատարների շարքերով: Ադրբեջանում շատ լավ մտապահել են իրանցի քաղաքական գործիչների քառորդ դար տևած լռությունն ադրբեջանական օկուպացված հողերի վերաբերյալ։ Իսկ եթե ավելի ճիշտ ասենք, շատ հանդուրժող վերաբերմունք կա Ադրբեջանի մահմեդականների դեմ զավթողական քաղաքականության նկատմամբ: Իրանում կա իսլամական ումմայի և համերաշխության յուրատեսակ երկփեղկված ու ցինիկ հասկացություն, որը սնուցվում է միայն ազգային պետության շահերով», — գրել է նա:
«Եվ ցավալի է, եթե Զոննուրն արտահայտել է իրանական ամբողջ քաղաքական էլիտայի համախմբված դիրքորոշումը: Ցավալի է, երկրի հենց թեոկրատական վերնախավի համար, որում տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ միաբան են արդար պատերազմի շուրջ մի երկրի դեմ, որը թաթախվել է հազարավոր ադրբեջանցիների արյան մեջ…», — եզրափակել է իր հոդվածը «Հաքքին.az»-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը։
«Հրապարակ օրաթերթ»