36 ընտանիք Գյումրիում ամառը կդիմավորի նոր բնակարանում. Արուսյակ Մանավազյան
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լիլիթ Կիրակոսյանի հետ ծանոթացել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող «Մուշ-2» բնակելի թաղամասի շինաշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ երկրաշարժից տուժած տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի շինարարությունը կավարտվի հունիս ամսվա սկզբին:
Նշվում է, որ շենքերի տարածքները նույնպես կբարեկարգվեն: 36 ընտանիք ամառը կդիմավորի նոր բնակարանամուտով: Բնակարանները ընտանիքներին կհանձնվեն ամբողջովին կահավորված:
«Շուտով կսկսվեն ևս երկու բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները՝ նախատեսված տնակներում բնակվող ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքների, այլև 44–օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքների համար:
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է ծրագրի ընթացքը, անդրադարձ է կատարվել շահառուներին, ինչպես նաև բնակելի թաղամասում 50 երեխաների համար նախատեսված գերժամանակակից և տեխնիկապես հագեցած մանկապարտեզին»,-եզրափակել է պատգամավորը: