Ըստ դատախազի՝ ազատության մեջ մնալով՝ Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը

dataxaz

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանի գնահատմամբ՝ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է, եւ այն փոխելու հիմքեր առկա չեն:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր քննարկվում է Գագիկ Խաչատրյանի կալանավորման հիմնավորվածության հարցը:

Դրա վերաբերյալ ելույթ ունենալիս դատախազ Գեւորգ Սարգսյանը պնդեց, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների մակերեսային ուսումնասիրությունն էլ բավարար է՝ հասկանալու, որ հաղթահարվել է հիմնավոր կասկածի շեմն առ այն, որ Գագիկ Խաչատրյանն առնչվում է իրեն մեղսագրվող մեղադրանքներին: Չմանրամասնելով այդ ապացույցները՝ դատախազը, ամեն դեպքում, նշեց դրանցից մի քանիսը. ապացույցների թվում են նախկին մի շարք աշխատակիցների, նախկին նախարար Սերգո Կարապետյանի, Սեդրակ Առուստամյանի եւ այլ անձանց ցուցմունքներ, այլ փաստաթղթեր:

Գեւորգ Սարգսյանի խոսքով՝ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս՝ ենթադրելու, որ հայտնելով ազատության մեջ՝ Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել մարմնից, խուսափել քրեական պատասխանատվությունից, նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել քրեական գործի քննությանը անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով. «Վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիները արդեն իսկ թաքնվել են գործի քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ»,- հիշեցրեց դատախազը:

Ըստ նրա՝ կիրառված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել նաեւ մեղսագրվող արարքների կատարման առանձնահատկությունները. «Մեղադրյալ Գագիկ Խաչատրյանը, իր կողմից ձեւավորած կոռուպցիոն սխեմայի շրջանակում տեւական ժամանակ անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, ներգրավելով ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ առեւտրային կազմակերպությունների ծառայողների, օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանցմամբ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, յուրացրել առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ եւ օժանդակել առանձնապես խոշոր չափերի լվացմանը»,- ասաց դատախազը:

Մեկ այլ հանցավոր սխեմայի շրջանակում էլ, ըստ դատախազի, ՀՀ խոշորագույն առեւտրային կազմակերպությունների կազմում ընդգրկված ընկերությունների մեծ մասում Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում ստուգումներ չեն իրականացվել, իսկ կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են տասնյակ կամ հարյուրավոր անգամ պակաս հարկային պարտավորություններ. «Նշված հանցագործությունների կատարման մեջ ներգրավված անձանց՝ Գագիկ Խաչատրյանից ունեցած անձնական եւ ծառայողական կախվածությունը էականորեն բարձրացնում են վտանգն առ այն, որ ազատության մեջ մնալով, օգտագործելով անձնական կապերն ու ֆինանսական ռեսուրսները՝ մեղադրյալը կխոչընդոտի գործի քննությանը նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու եղանակով»: Ըստ դատախազի՝ այդ ռիսկն ավելի է մեծանում՝ հաշվի առնելով, որ դեռեւս անհրաժեշտ է այդ անձանց հարցաքննել դատարանում:

Գեւորգ Սարգսյանը ընդգծեց, որ Գագիկ Խաչատրյանն ունի ազդեցություն եւ հեղինակություն ինչպես իր նախկին ծառայողների նկատմամբ, այնպես էլ՝ առհասարակ, ինչը եւս բարձրացնում է այդ ռիսկը: Նա կարեւորեց նաեւ, որ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումներն օրինական ուժի մեջ են թողնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Սարգսյանը

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...