Ալիևի շանտաժին տեղիք պետք է չտանք, պետք է կանգնենք մինչև վերջ։ Հետո ի՞նչ, թե Ալիևն ինչ է ասում․ Արցախի ԱԳ նախարարը Բրյուսելում Ալիևի հայտարարությունների մասին
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե այն «պետք է գործի Լաչինի միջանցքի պես»:
Ալիևն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, ըստ Ալիևի, սա պարտավորություն է Հայաստանի համար։ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի՝ մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը Զանգեզուրի միջանցքով, ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- ասել է Ալիևը։
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Civic.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, ասաց, որ դա պետական մակարդակով ահաբեկչություն է։ «Իհարկե, սա կնշանակի Արցախի նկատմամբ ցեղասպանության իրականացում, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պայթեցում, ուրիշ ոչինչ։ Դա երկու ելք է ենթադրում՝ կա՛մ լայնածավալ պատերազմ, կա՛մ պարզապես կոտորած»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ պետք չէ խնդրին նայել իրավական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը ոչ մի իրավական նորմ չի պահպանում։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի և Ալիևի նշած «Զանգեզուրի միջանցքի» տարբերություններին՝ Բաբայանն ասաց. «Իհարկե, իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն։ Ի՞նչ կապ ունեն իրավական նորմերը։ Շանտաժին տեղիք պետք է չտանք»: Դավիթ Բաբայանը հավելեց. «Պետք է կանգնենք մինչև վերջ։ Հետո ի՞նչ, թե Ալիևն ինչ է ասում։ Չի նշանակում, որ պետք է վախենանք կամ ինչ ասում է՝ ընդունենք»։
Ըստ Բաբայանի՝ դիվանագիտորեն հակադրելու որևէ բան չկա, պետք է հասարակությունը «տղամարդավարի» կանգնի։ «Եթե մենք մտածում ենք, որ կարելի է խոսելով, իրավական նորմերին անդրադառնալով էդ հարցը կարգավորել, դա ճիշտ չէ։ Այդպես չի լինելու։ Ալիևը իրավական հարթությունից դուրս է գործում, ինքը այլ օրենքներով է գործում, այլ սկզբունքներով է առաջնորդվում։ Եթե մտնենք այդ դաշտ, կնշանակի՝ իրականությունը չենք պատկերացնում»,- ասաց Բաբայանը։
Արդյոք կարո՞ղ ենք այս հարցում ակնկալել Ռուսաստանի աջակցությունը՝ հաշվի առնելով նաև, որ հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ևս նշված է Լաչինի միջանցք, իսկ 9-րդ կետում «միջանցք» ձևակերպումն օգտագործված չէ, Բաբայանն ասաց, որ Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է։ «Բնական է, որ նաև ռուս ժողովրդից է կախված մեր ապագան, իրենց ապագան էլ կախված է Արցախից և մեզանից։ Մենք պետք է եղբայրական հարաբերությունները պահպանենք։ Անթույլատրելի է պրովոկատորների, դեմագոգների, թափառականների գաղափարների հետևից ընկնելը։ Կան էդպիսի մի խումբ թափառականներ, որոնք հայ-ռուսական եղբայրությունը խարխլում են։ Մենք պետք է մեր բոլոր եղբայրների հետ մեր հարաբերությունները պահպանենք, առանց դրա կորչելու ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։