Արմավիրի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքներում. 9 մլն դրամ կաշառքը բռնագանձվել է
Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021 թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը (Ռուբեն Խլղաթյան) նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ:
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թ. հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9 մլն ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շրջանակներում նրանք բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ՝ Գ. Պետրոսյանի տան բակից:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Ընդհանուր իրավասության դատարանի 2021 թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոփոխվել է գրավի:
2021 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Համաձայնեցման վարույթի կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ից 375.6-րդ հոդվածներ) իրականացված դատական քննության արդյունքում դատարանը 2021 թ. դեկտեմբերի 23-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում, նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան:
Համաձայնեցման վարույթի շրջանակում ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9 մլն ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության: