Արցախի անվտանգության խորհուրդը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մշակելու են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ:
«ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:
Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:
Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը:
Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ հետևյալի հատկանշմամբ.
-
Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:
-
Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:
-
Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:
-
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
-
Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:
Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»: